«Ես երջանիկ եմ իմ ստեղծած ընտանիքով, իմ երեխաներով, թոռներով և հպարտանում եմ նրանցով». Սիրուշ Բաղդասարյան

«Դպրոցի կյանքը ներսից․ պատմություններ աշխատակիցներից» նախագծի տասնչորսերորդ հարցազրույցը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաների ուսուցչուհի, 5-րդ «Բ» դասարանի դասղեկ Սիրուշ Բաղդասարյանի հետ է։

- Ինչպե՞ս է սկսվում և ավարտվում Ձեր աշխատանքային օրը:

- Շուրջ 43 տարի իմ աշխատանքային օրը սկսվում է դեպի դպրոց արագոտն քայլքով՝ ժպտադեմ աշակերտների և ծնողների բարևներին պատասխանելով, իսկ դասաժամերն ավարտելուց հետո՝ ցտեսություն մաղթելով։ Լինում են նաև դեպքեր, երբ դասաժամերից հետո հետաքրքիր քննարկումներ ենք ունենում աշակերտների հետ։

Աշխատանքային օրս դասերով կամ դասացուցակով չի ավարտվում։ Հաճախ մնում եմ դպրոցում, որպեսզի կատարեմ որոշակի աշխատանքներ կապված աշակերտների տետրերի ստուգման, դասղեկական պարտականությունների կատարման հետ։

Դպրոցում անցկացված ժամանակը լի է գործընկերներիս ու աշակերտների հետ շփումներով՝ նրանց հարցերին ու մտահոգություններին պատշաճ ուշադրություն դարձնելով, ինչը դարձնում է աշխատանքս իսկապես իմաստուն ու բավական հաճելի։

- Որո՞նք են ամենասիրված ընտանեկան ավանդույթները, որոնք պահում եք և փոխանցում Ձեր երեխաներին, և ինչո՞վ են դրանք կարևոր Ձեր կյանքում:

- Հայկական ընտանեկան ավանդույթները շատ են, բայց կառանձնացնեմ Ամանորը և ծննդյան օրերը` շնորհավորանքները կեսգիշերին։ Հարազատներով սեղանի շուրջ նստելով ավելի ենք մտերմանում և կիսվում մեր հոգսերով։ Իսկ ամռանը հարազատներով բնության գրկում հաճելի օր անցկացնելը ամենատպավորիչն է լինում։

- Ի՞նչ ֆիլմեր եք նախընտրում դիտել:

- Նախընտրում եմ դիտել մեր հայկական և պատմական ֆիլմերից, ինչպես նաև ֆրանսիական ֆիլմերը։ Կարոտով եմ հիշում հեռուստաթատրոնները, որոնք շատ դաստիարակչական նշանակություն ունեին։ Հեռուստաթատրոնները, հատկապես՝ այն ժամանակ, երբ դրանք ավելի հայտնի էին, իսկապես առանձնահատուկ դեր էին խաղում։ Դրանք միաժամանակ դաստիարակչական և մշակութային նշանակություն ունեին։ Հեռուստաթատրոնի միջոցով մարդիկ կարող էին վայելել ոչ միայն ժամանակակից արվեստի լավագույն նմուշները, այլ նաև շատ խորը կենսագրական ու գաղափարական արժեքներ։

- Ի՞նչ հոբբիներ ունեք։

- Տարիների ընթացքում երևի հոբբիներն էլ են փոխվում, սիրում եմ շյուղագործել, խաչբառ լրացնել, սենյակային ծաղիկներ խնամել-աճեցնել։

Շյուղագործությունը ժամանակի ընթացքում դարձել է արվեստ, որտեղ յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր մանրուք արտահայտում է մեծագույն համբերություն և ուշադրություն։ Այն իր մեջ կրում է ինչպես ավանդական արժեքներ, այնպես էլ անձնական ստեղծագործական մոտեցումներ։

Խաչբառեր լրացնելը, մյուս կողմից, մի այլ հետաքրքրաշարժ և մտավոր մարտահրավեր է։ Այն ոչ միայն մտքերին սրություն հաղորդելու միջոց է, այլ նաև լիցքաթափվելու և ինքնազբաղմունքի միջոց։ Խաչբառի հարցերն ու լուծումները միշտ համադրվում են ուղեղի աշխատանքի տարբեր ձևերի հետ, դրանով իսկ զարգացնելով մտքի ճկունությունն ու լեզվաբառարանական հմտությունները։

- Աշակերտների հետ ինչպիսի՞ հիշարժան նախաձեռնություններ եք իրականացրել:

- Աշակերտների հետ տարաբնույթ նախաձեռնություններ շատ ենք ունեցել։ Առանձնացնեմ մեկը. դասղեկական դասարանով գնացել էինք Ջերմուկ, ճանաչողական այցով, գիշերելուց հետո, առավոտյան մասնակցեցինք Անկախության օրվան նվիրված քաղաքային միջոցառմանը և աշակերտներն իրենց ելույթով շնորհավորեցին ջերմուկցիներին։

- Որո՞նք են, Ձեր կարծիքով, այսօրվա ուսուցչի ամենամեծ մարտահրավերները:

- Այսօրվա ուսուցչի ամենամեծ մարտահրավերներից մեկը, կարծում եմ, տեխնոլոգիաների արագ զարգացումն է և կրթության մեջ դրանց համադրման անհրաժեշտությունը։ Մինչ այս ՏՀՏ գործիքները կարող էին միայն լրացնել դասապրոցեսը, այժմ տեխնոլոգիաները պետք է ներառվեն ուսուցման հիմնական մեթոդների մեջ։ Ուսուցիչը պետք է կարողանա մուտք գործել թվային աշխարհ, օգտագործել ինտերակտիվ կրթական գործիքներ և միաժամանակ պահպանել ուսուցման բարձր որակը։ Այդ տեխնոլոգիական փոփոխությունները պահանջում են ուսուցչից ոչ միայն նոր գիտելիքներ ու հմտություններ, այլ նաև ճկունություն, որպեսզի կարողանա դասը դարձնել հետաքրքիր և արդյունավետ։

Կարող եմ նշել, որ ուսուցչի այսօրվա ամենամեծ մարտահրավերներից է նաև աշակերտների աշխարհընկալումն ու արժեհամակարգը։ Աշակերտներն ունեն տարբեր ունակություններ, կարողություններ, և ուսուցիչը պետք է կարողանա հարմարեցնել ուսուցման մեթոդներն այդ տարբերություններին։ Այն, իհարկե, մեծ պատասխանատվություն է, քանի որ դասը պետք է լինի բոլորի համար հասանելի, իսկ ամեն աշակերտ իր կրթական պահանջմունքներին համապատասխան աջակցություն ստանա։ Այս ամենը պահանջում է անընդհատ, պարբերական ու նպատակային աշխատանք, նաև աշակերտներին ավելի խորը ճանաչելու պատրաստակամություն։

- Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում լսել։

- Կախված միջավայից, առիթից և տրամադրությունից, սիրում եմ լսել ցանկացած երաժշտություն։ Նախընտրում եմ լսել ֆրանսիական մեղմ, հայկական, ժողովրդական և դասական երաժշտություն`Բախ։

Հայկական ժողովրդական երաժշտությունը, մի կողմից, հարուստ է պատմությամբ, ավանդույթներով, ու կան այնպիսի մեղեդիներ, որոնք անմիջապես կապում են մեզ մեր արմատների ու մշակույթի հետ։ Այս երաժշտությունն իր մեջ ունի լուրջ հույզեր, որոնք խորապես ազդում են ոչ միայն լսողի, այլ նաև մթնոլորտի վրա։ Ժողովրդական երգերի մեղեդիներն ու բառերը հաճախ արտահայտում են կյանքի ամենատարբեր ռիթմեր՝ սիրո, կորստի, երջանկության կամ տառապանքի մասին, ինչը յուրահատուկ է դարձնում այդ երաժշտությունը։

- Ի՞նչ է երջանկությունը: Համարո՞ւմ եք Ձեզ երջանիկ:

- Մայր լինելն ինքնին երջանկություն է յուրաքանչյուր կնոջ համար։ Ես երջանիկ եմ իմ ստեղծած ընտանիքով, իմ երեխաներով, թոռներով և հպարտանում եմ նրանցով։ Ինչպես գրել է Գրիգոր Զոհրապը՝ «Երջանիկ է նա, ով երջանկություն չի փնտրում։ Դրա համար էլ երջանիկ են աշխարհի բոլոր մանուկները»։

Մայր լինելն իսկապես ամենամեծ երջանկությունն է։ Այն մի անբացատրելի զգացում է, որը միայն մայրերը կարող են լիարժեք հասկանալ։ Մայրությունը մի այնպիսի հզոր ուժ է, որն անհնար է չափել, որովհետև այն կերտում է ոչ միայն երեխայի ապագան, այլ նաև մոր կյանքը՝ դարձնելով այն ամբողջական ու լիարժեք։ Մայրը չի կարող չլինել երջանիկ, երբ տեսնում է, թե ինչպես է իր երեխան աճում, զարգանում, նվաճում աշխարհը։ Իմ երեխաներն ու թոռները իմ կյանքում ամենակարևորն են։ Հպարտանում եմ նրանցով, հպարտանում եմ ոչ միայն իրենց հաջողություններով, այլ իրենց մարդկային տեսակով ու առատաձեռնությամբ։ Նրանք իմ հույսն ու իմ ուժն են, և յուրաքանչյուր պահ նրանց հետ մի նոր երջանկություն է։

- Ինչպիսի՞նն եք Դուք խոհանոցում, որո՞նք են Ձեր սիրելի բաղադրատոմսերը:

- Սիրում եմ խոհանոցը`քանզի խոհանոցը ստեղծագործելու և իմպրովիզներ անելու մի յուրօրինակ անկյուն է։ Սիրում եմ «եփ ու թուխ» անել. հյուրերս իմ հյուրասիրությունից միշտ գոհ են լինում։ Ավանդական ուտեստներից սիրում եմ խաշիլ, թան, ավելուկ։ Սիրում եմ համտեսել նոր ուտելիքներ՝ ծովամթերքներով։ Իհարկե պատրաստում եմ նոր ու գունեղ աղցաններ։

- Հաճախ ասում են, որ ընկերությունը հարստացնում է կյանքը: Ի՞նչ է Ձեզ համար ընկերությունը:

- Կյանքը նաև գեղեցիկ է դառնում, նոր երանգներ է ստանում, երբ դու ունես 40 տարուց ավելի, նույնիսկ հայացքից քեզ հասկացող ընկերուհիներ։ Այսօր էլ հպարտությամբ պետք է նշեմ, որ կուռ է իմ դպրոցական, ուսանողական տարիների ընկերությունը։

Ընկերությունն ինձ համար այն եզակի հարաբերությունն է, որտեղ մարդիկ առանց պայմանների կարողանում են լինել միմյանց կողքին։ Այն հիմնված է միմյանց վստահության վրա, որտեղ հնարավոր է լինել ազնիվ ու անկեղծ, երբեմն՝ նաև թույլ տալ սխալվել։ Ընկերները ոչ միայն մեր կյանքի ուրախությունն ու անմիջականությունն են, այլ նաև նրանք օգնություն ու աջակցություն են ցույց տալիս այն դժվար պահերին, երբ դժվարություններին դիմակայելու ուժ չունես։
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (12.02.2025)
Դիտումներ: 290 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar