Ապրիլի 23-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դահլիճում զուգահեռ հնչում էին հայերենն ու ֆրանսերենը։ «Ֆրանսերեն» առարկայի ուսուցչուհի Լուսինե Բաղդասարյանի կողմից կազմակերպված «Arménie éternelle – Հավերժ Հայաստան» խորագրով միջոցառումը վերածվել էր մի յուրահատուկ հարթակի, որտեղ 5-րդ «Ա» դասարանի աշակերտները ներկայացրին Հայաստանի պատմությունը, մշակույթը, ավանդույթները՝ նոր լույսով ու մանկական ոգևորությամբ։ Աշակերտների շնորհիվ ազգային ոգին զգացվում էր դահլիճի յուրաքանչյուր անկյունում։ «Հայաստան» բառը հնչում էր հպարտությամբ ու ջերմությամբ՝ վերածվելով ոչ միայն երկրի անվան, այլև զգացմունքի, պատկանելիության և հավերժ արժեքի խորհրդանիշի։ Միջոցառման ընթացքում առանձնահատուկ շեշտվեց մեր երկրի ժառանգությունը՝ Արարատ լեռան խորհրդանիշը, միջնադարյան եկեղեցիների ճարտարապետական հարստությունը, ազգային երգարվեստը և լեզվամշակույթը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին տարբեր ձևաչափի ելույթներ՝ երգեր, արտասանություններ, պատմական տեսանյութեր, որոնք ամբողջացրին միջոցառման գաղափարական միասնությունը։ Մանուկների ձայներով Հայաստանը մեկ անգամ ևս կենդանացավ՝ հիշեցնելով, որ մեր հայրենիքը ոչ միայն պատմություն ունի, այլև ապրող ու շնչող ներկայություն է՝ ապրող յուրաքանչյուր հայի սրտում։ Հայաստանը մեր պատմությունն է, մեր ինքնությունն ու ապագան։ Իսկ նման նախաձեռնությունները՝ ազգային արժեքների հանդեպ սեր ու հարգանք սերմանելու լավագույն ճանապարհը։
| |
| |
Դիտումներ: 175 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |