Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանի աշակերտները, դասղեկ Սիրուշ Բաղդասարյանի ուղեկցությամբ ճանաչողական-մշակութային այցելություն կատարեցին մեծանուն գրող Ակսել Բակունցի տուն-թանգարան։ Այցի ընթացքում աշակերտները մանրամասնորեն ծանոթացան Բակունցի կյանքին ու գրական ժառանգությանը՝ բացահայտելով նրա կերպարի ոչ միայն գրական, այլև մարդկային կողմերը։ Թանգարանի մթնոլորտը համակված էր բակունցյան հոգով՝ անցյալի շունչը զգալի էր յուրաքանչյուր անկյունում։ Աշակերտների համար հատկապես տպավորիչ էր գրողի աշխատասենյակը և նրա գրասեղանը, որն ասես պահպանում էր հեղինակի ներկայության տպավորությունը։ Մի պահ թվում էր՝ ժամանակը կանգ էր առել, և հենց այդ պահին Բակունցը կարող էր նստել իր գրասեղանի մոտ ու շարունակել ստեղծել։ Թանգարանի շրջայցին հաջորդեց զբոսանք գրողի տունը շրջապատող փոքրիկ այգում, որտեղ աշակերտները դիտեցին փայտե քանդակներ, ինչպես նաև գրողի սիրելի միրհավը և լորը։ Այցը աշակերտների համար դարձավ իսկական հոգևոր ու մշակութային ճանապարհորդություն դեպի հայկական գրականության աշխարհ։ Վերադարձին նրանք կիսվում էին իրենց տպավորություններով, որոնցում միախառնված էին հիացմունքը, հպարտությունը և ներշնչվածությունն ազգային մեծության ապրող հիշատակից։
| |
| |
Դիտումներ: 99 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |