Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» և 6-րդ «Բ» դասարանների աշակերտների հանդիպումը բակունցյան աշխարհի հետ

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Ա» և 6-րդ «Բ» դասարանների աշակերտները դասղեկներ Լուսինե Բաղդասարյանի և Մերի Մկրտչյանի ուղեկցությամբ այցելեցին Ակսել Բակունցի տուն-թանգարան։ Այստեղ ամեն ինչ շնչում էր բակունցյան ոգով՝ անցյալից բերելով գրողի հոգևոր ներկայությունն ու ստեղծագործական լիցքը։

Թանգարանի աշխատակիցները հետաքրքիր պատմություններ ներկայացրին Բակունցի կյանքի ու գրական ուղու մասին՝ առանձնացնելով նրա դերը հայ գրականության մեջ, ինչպես նաև անդրադառնալով ստալինյան բռնությունների արդյունքում գրողի ողբերգական ճակատագրին։

Աշակերտները մոտիկից ծանոթացան գրողի անձնական իրերին, ընթերցեցին նրա ստեղծագործությունների սևագրությունները, տեսան նրա գրասեղանը, թանաքամանը՝ զգալով գրողի ներկայության շունչը։ Այցելության ընթացքում շրջեցին նաև գրողի սիրելի այգում, որտեղ ծառերն ու ծաղիկները կարծես պահպանել էին նրա ձեռքի ջերմությունն ու բնությանը հատուկ սերը։

Այս այցելությունը աշակերտների համար դարձավ ոչ միայն ճանաչողական ուղևորություն, այլև խոր ներաշխարհային փորձառություն։ Նրանք վերագնահատեցին մշակութային ժառանգության արժեքը և գիտակցեցին դրա անփոխարինելի դերը ազգային ինքնության և հոգևոր դիմագծի պահպանման գործում։

    

    

  

Կատեգորիա: ԴՊՐՈՑԻ ԱՌՕՐՅԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.05.2025)
Դիտումներ: 79 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar