Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանի այցը Սերո Խանզադյանի տուն-թանգարան

Մայիսի 14-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ «Բ» դասարանի աշակերտները, «Մայրենի» առարկայի ուսուցչուհի Շահանե Հովսեփյանի ուղեկցությամբ, ուսուցողական այց կատարեցին Զանգեզուրի գրականության կենդանի հիշողություններից մեկը՝ Սերո Խանզադյանի տուն-թանգարան։

Մեծ գրողի հայրական օջախում աշակերտները անմիջական շփում ունեցան խանզադյանական հոգեկերտվածքի, գրական ոճի ու ազգասիրական մտածողության հետ։ Թանգարանի ցուցասրահում և տոհմատան տարածքում կազմակերպված շրջայցի ընթացքում թանգարանի գիտաշխատողը մանրամասն ներկայացրեց Սերո Խանզադյանի կյանքը, ստեղծագործական ուղին և գրական ժառանգությունը։

Ճանաչողական այցը ոչ միայն հարստացրեց աշակերտների գիտելիքները գրողի և նրա դարաշրջանի մասին, այլև հնարավորություն տվեց կենդանի շփման Խանզադյանի գրական ժառանգության հետ՝ ձևավորելով նոր մոտեցում «Մայրենի» առարկայի ընկալման հանդեպ։

Օրվա ավարտին աշակերտները հեռացան ոգևորված, տպավորված և նորովի ներշնչված՝ իրենց մեջ կրելով գրականության նկատմամբ սեր և հարգանք։

Նշենք, որ էքսկուրսիա-դասը կազմակերպվել էր «Մայրենի» առարկայի 5-րդ դասարանի թեմատիկ պլանի շրջանակում։

  

  

Կատեգորիա: ԴԱՍԱՊՐՈՑԵՍ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (15.05.2025)
Դիտումներ: 123 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar