«Մաթեմատիկան շուկայում․ ֆինանսական կրթություն» թեմայով նախագծային աշխատանքի պաշտպանություն՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Դեկտեմբերի 19-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ նախագծային աշխատանքի պաշտպանություն:

«Մաթեմատիկան շուկայում․ ֆինանսական կրթություն» թեմայով նախագծային աշխատանքը ղեկավարում էր «Մաթեմատիկա» առարկայի ուսուցչուհի Ալլա Առստամյանը:

Նախագծային աշխատանքն իրականացրին 7-րդ «Ա» դասարանի աշակերտներ Արման Արզումանյանը, Նարեկ Մուսախանյանը, Լիլիա Միխայելյանը, Ինեսա Բաղդագյուլյանը, Նարեկ Գևորգյանն ու Մանե Ավագյանը:

    

Նախագծային աշխատանքի առաջնային նպատակներն են՝ 

  • Խթանել սովորողի ինքնազարգացումը՝ նոր փորձ ձեռք բերելու, գիտելիքները կիրառելու համար,
  • Օժանդակել սովորողների անհրաժեշտ կրթական կարողունակությունների և բովանդակային գիտելիքների ձևավորմանը,
  • Զարգացնել համապատասխան հմտություններ ձևավորել կյանքի և աշխարհի մարտահրավերներն ընդունելու համար անհրաժեշտ արժեհամակարգ,
  • Ապահովել սովորողների փոխհամագործակցությունը հետազոտական աշխատանքի կատարման ընթացքում:

«Մաթեմատիկան շուկայում․ ֆինանսական կրթություն»  թեմայով նախագծային աշխատանքի կատարման կարևորագույն նպատակներից են՝

  • Անձնական և ընտանեկան բյուջեի արդյունավետ կառավարում, 
  • Խնայողությունների կատարում և երկարաժամկետ պլանավորում,
  • Պարտքերի արդյունավետ կառավարում,
  • Արդյունավետ գնումների իրականացում, ֆինանսական ծառայություններից օգտվելիս տեղեկությունների հավաքագրում, համեմատում և պատասխանատու որոշումների կայացում,
  • Ֆինանսական համակարգում և շուկայում առաջարկվող ծառայություններից օգտվելու ռիսկերի գնահատում,
  • Սեփական իրավունքների պաշտպանություն՝ որպես սպառողի,
  • Կարիքների, պահանջների և հնարավորությունների ներդաշնակեցում,
  • Զեղծարարությունից և խարդախությունից խուսափում:

Նախապես ներկայացվել է նախագծային աշխատանքի թեման, կազմվել է ուսումնական նախագծի պլան, թեմատիկ պլան, որում հստակ սահմանվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն հանդիպումների ընթացքում, և կատարվել է աշխատանքի բաժանում։ Խումբը շրջել է  մի քանի խանութներով և գրանցել մի քանի ապրանքների գներ, որոնք զեղչվել են։ Կատարել են հաշվարկներ և ներկայացրել, թե որ ապրանքը քանի տոկոսով է զեղչվել, հաշվել են որոշակի տոկոսով զեղչված ապրանքների գները, հին և նոր գների առկայության դեպքում հաշվարկել կիրառված զեղչի տոկոսի չափը:

    

Ծանոթացել են էլեկտրոնային խանութում հեռախոսի և համակարգչի ապառիկ վաճառքի   պայմանները, մեկ ապրանքատեսակի օրինակով ուսումնասիրել և կատարել են հաշվարկ, թե ապառիկ գնման պայմաններում ինչպես է կազմվում մեկ ամսվա վճարման ենթակա գումարի հաշվարկը: Հաշվել են կանխիկ գնի և ապառիկ գնման արժեքի տարբերությունը։ Արզումանյան Արմանը ուսումնասիրման արդյունքում կազմել է չորս խնդիր, որոնցից մեկի լուծման տարբերակով ցույց է տվել, թե ինչ հմտություններ է ձեռք բերել հետազոտությունների արդյունքում:

Ուսումնասիրել են մեծածախ առևտրի պայմանները և արտերկրից մեծաքանակ հագուստ գնելու դեպքում մաքսազերծման և եկամտահարկի հաշվին ինքնարժեքի ավելացման հնարավորությունները, կատարել հաշվարկներ, Մանե Ավագյանը կազմել է խնդիրներ, որոնցից մեկի լուծման օրինակով ներկայացրել է անհատ ձեռներեցի եկամտի չափը մեկ ապրանքատեսակի համար:

Ընտանեկան բյուջեի մեկ օրինակով Նարեկ Գևորգյանը դիագրամային և աղյուսակային տեսքով ներկայացրել է ընտանիքի եկամուտների և ծախսերի հարաբերակցությունը:

Արժույթի և արտարժույթի փոփոխություններին հետևելով մի քանի օր՝ կատարել են եզրակացություններ և հաշվի առնելով արտարժույթի տատանման ռիսկերը՝ կատարել են արժույթի և արտարժույթի մեկից ավելի անգամ փոխանակման դեպքում շահավետության ուսումնասիրություն: Լիլիա Միխայելյանը կազմել է երկու խնդիր, որոնցից մեկի լուծման օրինակով ցույց է տվել դոլարը դրամով, ապա դրամը լարիով փոխանակելու շահավետ ընտրությունը՝ կախված փոխանակման կետերի առաջարկներից:

Ուսումնասիրել են ներդրումների բաժինը և գործարարությամբ զբաղվելու համար ակնկալվող եկամուտները և բացասական ազդեցությունները, Ինեսա Բաղդագյուլյանը կազմել է խնդիրներ, որոնք առնչվում են ներդրումներին և մասնաբաժնին:

Ուսումնասիրելով ավանդի պայմանները՝ Նարեկ Մուսախանյանը կազմել է խնդիրներ ավանդի վերաբերյալ՝ հաշվելով եկամտահարկի արժեքը և եկամուտը և կատարել արդյունքների հետ ակնկալվող եկամտի չափի համեմատություն:

Իրենց գիտելիքների մակարդակին համապատասխան՝ կազմել են տոկոսին վերաբերող մի շարք խնդիրներ, ստացել դրանց արդյունավետ լուծումները, մասի և տոկոսի գաղափարի վերաբերյալ նախնական պատկերացումների շրջանակներում բոլոր աշակերտները կատարել են սեփական գնահատականների միջինի հաշվարկ յուրաքանչյուր առարկայի համար, յուրաքանչյուր գնահատականի համար հաշվարկել, թե ամբողջի քանի տոկոսն է:

    

Նախագծային աշխատանքը հնարավորություն է տվել ավելի լավ հաշվել տոկոսի, պարտքի խնայողության, ավանդի և զեղչերի վերաբերյալ խնդիրները։

Աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր սովորող իրականացրել է նախագծային աշխատանքի պլանով սահմանված աշխատանքը։ Աշակերտների մոտ էլ ավելի է մեծացել հետաքրքրությունը տոկոսի, զեղչերի, ավանդների վերաբերյալ խնդիրների լուծումների նկատմամբ, որոնք արդիական են կյանքում։ Ուսումնական նախագծի նախապատրաստական փուլից միչև ավարտի օրը յուրաքանչյուր աշակերտ պարբերաբար կատարել է գրառումներ՝ ինքնագնահատման և անդրադարձի ժամանակ տվյալները օգտագործելու նպատակով: Ալլա Առստամյանը հետևել և վերահսկել է կատարվող աշխատանքները նախագծի իրականացման ամբողջ ընթացքում՝ ցուցաբերելով ընթացիկ աջակցություն, տվել է ցուցումներ, մասնակցել է խնդիրների կազմմանը, ստուգել և խմբագրել է աշակերտների կողմից տեքստային խմբագրիչով հավաքված նյութը, մասնակցել է սահիկաշարի պատրաստմանը, որը աշակերտները պատրաստել էին պաշտպանության ժամանակ իրենց կողմից կատարված աշխատանքը ցուցադրելու համար:

Պաշտպանության ընթացքում աշակերտները խոսել են նախագծի ընթացքում ծագած դժվարությունների մասին, ղեկավարի կողմից տրամադրված աջակցության մասին, հիմնավորել են աշխատանքի ընթացքում ինչն են համարում անարդյունավետ, իսկ ինչը՝ օգտակար, ինչպես նաև պատասխանել են տրված հարցադրումներին` որքանով է օգտակար նախագծին մասնակցելը, ինչ են սովորել, ինչը ճշտել, ինչ են կարողանում ավելի լավ անել աշխատանքը կատարելուց հետո, ինչն իրենք կկիրառեն հետագայում:

Նախագծային աշխատանքի պլանում սահմանված էր, որ ակնկալվող արդյունքը՝ պրոդուկտը, պետք է լինի փոքրիկ խնդրագիրք՝ հավաքագրված իրենց ուսումնասիրությունների արդյունքում ստեղծված խնդիրներից, ինչպես նաև խնդիրներ՝ ընտրված ուրիշ հեղինակների կողմից:

    

Գրքույկի մեջ ամփոփված է նախագծային աշխատանքի տեսական մասը: Ներածության մեջ խոսվում է ֆինանսական կրթության կարևորության մասին, փողի դերի, նրա հետ ճիշտ վարվելու կաննոնների մասին այն մասին, որ ներկայումս յուրաքանչյուր անձ իր առօրյայում և կենսագործունեության տարբեր ոլորտներում շարունակ առնչվում է ֆինանսական խնդիրների հետ, որոնց թվում առավել մեծ կենսական նշանակություն ունեն հատկապես անձնական ֆինանսների կառավարմանը վերաբերող խնդիրները: Նշված է, որ դրանք արդյունավետ լուծելու համար պահանջվում է ունենալ ֆինանսական կրթության բավարար մակարդակ, ինչը կարող է ձեռք բերվել միայն նպատակային կրթական ծրագրերի շնորհիվ: Գրքույկի մեջ տեղ է գտել 21 խնդիր: Զեղչի, ավանդի, խնայողության, բյուջեի, ավանդի, ներդրումների վերաբերյալ խնդիրները ներկայացված են առանձին բաժիններով, յուրաքանչյուր բաժնի համար առանձնացված է տվյալ բաժնի մասին տեսական նյութ:

Խմբի անդամները գերազանց և հարվածային աշակերտներ էին: Յուրաքանչյուր աշակերտ, բացի իրեն վերաբերող թեմայից, կատարել է նաև մյուս սովորողների ընտրած բաժնի ուսումնասիրություն, ցուցաբերել համառ հետաքրքրասիրություն, ոգևորությամբ իրականացրել իրեն հանձնարարված աշխատանքը՝ կապված թեմայի արդիականության և սեփական ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման հետ:

Կատարված աշխատանքի արդյունքում սովորողները կարողացան ներկայանալ և ներկայացնել իրենց ու իրենց կողմից կատարված աշխատանքը: Համառոտ նկարագրեցին կատարված աշխատանքը` ինչ խնդիր են դրել, ինչու են ընտրել հենց այդ թեման, ինչպիսին է աշխատանքի արդյունքը, որն է նախագծի արդյունավետությունը:

Նախագծային աշխատանքի պրոդուկտը՝ խնդրագիրքը, կարող եք տեսնել այստեղ:

      
 

Կատեգորիա: ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (27.12.2023)
Դիտումներ: 651 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar