«Ընտանիքիս կերակրացանկում, հիմնականում, հայկական ուտեստներ են, որոշները՝ հայկականացված և հայկական շնչով պատրաստված». Արշալույս Երիցյան

«Դպրոցի կյանքը ներսից․ պատմություններ աշխատակիցներից» նախագծի տասնհինգերորդ հարցազրույցը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի գրադարանավարուհի Արշալույս Երիցյանի հետ է։

- Ինչպե՞ս է սկսվում Ձեր օրը։

- Կյանքի քառուղիներում լուսաբացներս տարբեր են եղել, այժմ էլ՝ յուրահատուկ է իր տարբերությամբ։ Եթե ավելին՝ փորձեմ նկարագրել այսպես. բոլորովին վերջերս մտքերս, երազանքներս, ապրումներս, հույսերս իրենց յուրօրինակ անունը ստացան՝ «Հրաշքի սպասումով»։ Յուրաքանչյուր առավոտ շնորհակալ եմ լինում ամենակարող Աստծուն՝ մեր ընտանիքին այդ քաղցր սպասման ամիսները պարգևելու համար։ Ինքս ինձ համար կազմեցի մի գիրք և անվանեցի՝ «Համբերատար եղի՛ր»։ Յուրաքանչյուր առավոտ, իմ աղոթքի հետ, թերթում եմ հաջորդ էջը։ Ի դեպ, մինչ այդ, համբերատարությունը բոլորովին խորթ էր ինձ ու իմ էությանը։ Այս ամենի հետ մեկտեղ՝ չեմ մոռանում արթնացնել երեխաներիս և նրանց հետ միասին շտապել դպրոց։

- Ո՞րն է Ձեր սեղանի գիրքը:

- Գրքեր, առհասարակ, սիրում եմ գնել, նվեր ստանալ, նվիրել, ընթերցել և առանձնացնել հոգեկերտվածքիս բնորոշ տողերը։

Բոլորովին վերջերս հրավեր ստացա՝ ներկա գտնվելու լրագրող Նանե Արզումանյանի՝ «Արցախի հրամանատարը՝ տնից խրամատ» գրքի շնորհանդեսին։ 2020 թվականից այս կողմ իմ բոլոր ապրումների խտացումը, կարծես, ամբարված էր այս գրքում։ Ուստի որոշեցի, որ գիրքը տեղ կգտնի իմ սեղանի Աստվածաշնչի կողքին։

- Ի՞նչ է երաժշտությունը Ձեզ համար, ի՞նչ երաժշտություն եք լսում։

- Կարևորելով ազգայինն ու հայկականը՝ հոգուս բնորոշ են հայ ժողովրդական երգն ու երաժտությունը։ Միևնույն ժամանակ կարևորում եմ, իսկ երբեմն՝ քթիս տակ երգում եմ որոշ հիթային երգեր։            

Սիրելի երաժշտության շնորհիվ մտքերս ժողովում եմ, օրվա անելիքներս պլանավորում, փորձում եմ բարձրացնել իմ և մտերիմներիս տրամադրությունը։

- Սիրո՞ւմ եք խոհանոցում պատրաստել։

- Սիրում եմ համեղ համեր ստեղծել խոհանոցում։ Ընտանիքիս կերակրացանկում, հիմնականում, հայկական ուտեստներ են, որոշները՝ հայկականացված և հայկական շնչով պատրաստված։ Քաղցր պատրաստել և հյուրասիրել սովորել եմ տատիկիցս։ Փորձեմ մեջբերել քաղցրասիրտ տատիկիս խոսքերը. «Ծերքերըս տուվալ եմ էս նախշու՜ն ըշկավերին»։ Տեղ գյուղի բարբառով այսպես էր ասում տատս։

Հիմա էլ, եղբորս ու հարսիս հետ, փորձում ենք պահպանել ընտանեկան սովորույթները. պատրաստում ենք ավանդական ժենգյալով հացն ու խաշիլը, խաշն ու հարիսան և համտեսում ջերմ ու կենսախինդ, ընկերական միջավայրում։

- Մարդկային ո՞ր արժեքներն եք կարևորում։

- Նախ փորձել եմ ինձ համար ստեղծել արժեքների կշռաքարեր, թե որքան բարի, արդար, հոգատար, ներող ու բարեգործ եմ ես։ Այնուհետև նույն կշռաքարերը փորձել եմ օգտագործել ընկերներ ու մտերիմներ ընտրելիս՝ նրանց մեջ կարևորելով անշահախնդրությունն ու բարիք գործելու վեհ առաքելությունը։

- Ի՞նչ է Ձեզ համար ընտանիքը։

- Երբ այցելում եմ եկեղեցի, ընտանիքիս, հարազատներիս և հայրենիքիս խաղաղության համար մոմ եմ վառում և աղոթում։ Ընտանիքս նմանեցնում եմ եկեղեցու։ Փորձում եմ վեհ ու հայրենասիրական գաղափարներով դաստիարակել երեխաներիս՝ օժտելով նրանց մարդկային բարի ու առաքինի արժեքներով։

Որպես ընտանիքի կին, մայր, երևի թե ինչպես ցանկացած հայկական ընտանիքում, ես նույնպես ունենում եմ բարկություններ։ Երեխաներս արդեն զգում են, որ երբ իրենց հետ գրական հայերենով եմ սկսում խոսել, ուրեմն՝ շա՜տ բարկացած եմ։

- Ի՞նչ է Ձեզ համար Բախշյանական լինելը։

- Ամենատարբեր քննարկումների ու շփումների ժամանակ ընկերներս ասում են, որ ես պատասխանատվության մեծ զգացում ունեմ։ Պատասխանատվության այդպիսի զգացումը, կարգապահությունն ու հոգուս մեջ ամբարած վեհ արժեքները, ի դեպ, որոնց հեղինակը մայրս է, օգնեցին ինձ դառնալ Բախշյանական ընտանիքի անդամ և հարգել գործընկերներիս՝ հոգուս մեծության չափով։

- Ի՞նչ նախասիրություններ ունեք։

- Տարիների հետ փոխվում են մեր նախասիրությունները։ Մանկուց սիրել եմ տիկնիկների հավաքածու ունենալ։ Այժմ էլ փորձում եմ ամենատարբեր տեղերից գրքեր ձեռք բերել ու դարձնել իմ գրադարակի բնակիչները։

- Աշակերտների հետ ինչպիսի՞ հիշարժան նախաձեռնություններ եք իրականացրել:

- Ինձ բնորոշ ակտիվությունն ու աշխուժությունը, անսպառ էներգիան փորձում եմ անխնա տալ նաև աշակերտներիս, որոնց հետ յուրաքանչյուր նախաձեռնություն հաջողությամբ է պսակվում։ Այդպիսի նախաձեռնության արդյունք էր «Չէին սպասում» հեղինակային միջոցառումը։ Այս աննախադեպ միջոցառում-ծրագիրը հուզեց, ուրախացրեց և անսպառ ջերմությամբ լցրեց գործընկերներիս սրտերը։

- Ինչպե՞ս է Գորիսը, մշակույթն ու միջավայրն ազդում Ձեր ուսուցման մոտեցումների և կրթական արժեքների վրա:

- Եռանդս, ակտիվությունս և գիտելիքներս փորձում եմ ծառայեցնել նաև իմ քաղաքին։ Մասնակցում եմ կազմակերպած ամենատարբեր միջոցառումներին, ինչպես նաև հանդես եմ գալիս սեփական նախաձեռնություններով՝ աշակերտների հետ այցելելով թանգարաններ և գրադարաններ։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.02.2025)
Դիտումներ: 239 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar