«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում հինգերորդ հանդիպումը տեղի ունեցավ 3-րդ «Բ» դասարանում։ Դասը վարեց «Ա՜յ մեղու» զարգացման կենտրոնի դասապատրաստման մասնագետ Անի Ճաղարյանը։ Դասի թեման էր՝ «Մեր նախասիրությունները»։ Դասի ընթացքում Անի Ճաղարյանը խոսեց իր նախասիրություններից՝ նկարչությունից, գիպսի հետ աշխատանքից ու մոմագործությունից։ Նա պատմեց, թե ինչպես է դեռ մանկուց սիրել նկարել ու փորձարկել տարբեր տեխնիկաներ։ Աշակերտները ծանոթացան հումքի՝ գիպսի և մոմի պատրաստման գործընթացին, որից հետո իրենց ձեռքով պատրաստեցին գիպսե արձանիկներ և տարատեսակ ձուլվածքներով մոմեր։ Յուրաքանչյուրը փորձեց ստեղծել յուրօրինակ աշխատանք՝ ընտրելով տարբեր ձուլվածքներ։ Գիպսե արձանիկները պատրաստելու համար նրանք նախ խառնեցին գիպսի փոշին ջրի հետ, որպեսզի ստացվի ճիշտ խտություն ունեցող խառնուրդ։ Այնուհետև հեղուկ զանգվածը լցրեցին նախապես պատրաստված ձուլվածքների մեջ և սպասեցին, մինչև նյութը պնդանա։ Մոմագործության ընթացքում նրանք սովորեցին, թե ինչպես ճիշտ հալեցնել մոմը, դրան խառնել տարբեր բույրեր ու ներկեր, ինչպես ընտրել պատշաճ պատյանը, որպեսզի վերջնական արտադրանքը լինի ոչ միայն գեղեցիկ, այլև ֆունկցիոնալ։ Աշակերտները փորձարկեցին տարբեր ձուլվածքներ՝ ստեղծելով թե՛ դասական, թե՛ անսովոր ձևեր ունեցող մոմեր։ Այս դասը ոչ միայն սովորեցրեց նոր հմտություններ, այլև խթանեց ստեղծագործական միտքը, տալով երեխաներին հնարավորություն՝ սեփական ձեռքերով գեղեցիկ և օգտակար իրեր պատրաստել։ Անի Ճաղարյանն իր խոսքում նշեց, որ սիրում է իր աշխատանքը և կատարում է անմնացորդ սիրով։ Հավելեց, որ այս նախասիրությունները ոչ միայն ստեղծագործական ինքնարտահայտման միջոց են, այլև օգնում են հանգստանալ, կենտրոնանալ ու նոր էներգիա ստանալ։ «Մասնակցելով «Դասը վարում է ծնողը» նախաձեռնությանը, մեծ բավականություն ստացա։ Ցանկություն ունեի իմ օրինակով ոգևորել երեխաներին, որպեսզի լինեն նպատակասլաց և ունենան բազում նախասիրություններ։ Դասի ավարտին տեսնելով երեխաների ոգևորությունը, հասկացա, որ ճիշտ թեմա եմ ընտրել»։ Դասի ավարտին Անի Ճաղարյանն իր կողմից աշակերտներին և դասին ներկա մանկավարժներին՝ որպես այդ օրվանից հուշ, բաժանեց գիպսե արձանիկներ։ Դասն ամփոփվեց դաշնամուրի հնչեղ ելևէջներով։ Անուշ Աղաբեկյանը նրբագեղությամբ դաշնամուրի ստեղներին հպվեց՝ ստեղծելով հիասքանչ մեղեդի, որը լցրեց սրահը ջերմությամբ։ Նրա նուրբ մատները պատմում էին մի պատմություն, որտեղ ամեն նոտա արտահայտում էր զգացմունքների ողջ խորությունը։ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում 3-րդ «Բ» դասարանի ծնող Անի Ճաղարյանին՝ նախաձեռնությանը մասնակցելու համար։
| |
| |
Դիտումներ: 162 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |