«Դասը վարում է ծնողը»․ «Քիմիայի լեզվով» թեմայով դաս՝ Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 2-րդ «Գ» դասարանում

«Դասը վարում է ծնողը» նախաձեռնության շրջանակում վեցերորդ հանդիպումը տեղի ունեցավ 2-րդ «Գ» դասարանում։ Դասը վարեց մասնագիտությամբ մանկավարժ, դեղագործ Աստղիկ Մուրադյանը։ Դասի թեման էր՝ «Քիմիայի լեզվով»։

Աստղիկ Մուրադյանը դասի ընթացքում երեխաներին ներկայացրեց առօրյայում քիմիայի կիրառությունը, զուգահեռներ անցկացրեց հայերենի այբուբենի և Մենդելեևի պարբերական աղյուսակի միջև։ Նշեց, որ ինչպես Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել հայերենի այբուբենը, նույն կերպ Դմիտրի Մենդելեևը ստեղծել է քիմիայի այբուբենը՝ պարբերական աղյուսակը։

Ծնողը հարցերի միջոցով երեխաներից պարզեց, թե առավոտյան ինչ են նախաճաշել, ինչպես են եկել դպրոց, ինչպես է աշխատում մեքենայի շարժիչը և ինչից են ստեղծված մեզ շրջապատող առարկաները։

Երեխաները գրատախտակին գրեցին ջուր, շաքար, գազ, բենզին, երկաթ և մի շարք այլ բառեր, որից հետո Աստղիկ Մուրադյանը քիմիայի լեզվով գրեց դրանց բանաձևերը։

Դասի երկրորդ մասում իրականացվեց «Փղի ատամի մածուկ», «Փարավոնի օձերը», «Գունավոր հրաբուխ» և «Առանց կրակ ծուխ» փորձերը։

Դասի ավարտին ներկայացվեց քիմիական նյութերի հետ աշխատելու անվտանգությունը և խոսվեց դեղագործության մեջ քիմիայի դերի մասին։

Աշակերտները շատ տպավորված և ոգևորված էին։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությունը շնորհակալություն է հայտնում 2-րդ «Գ» դասարանի ծնող Աստղիկ Մուրադյանին՝ նախաձեռնությանը մասնակցելու համար։

    

    

    

      

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (26.02.2025)
Դիտումներ: 217 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar