«Ընտանիքն է ինձ սովորեցնում սիրել, լինել պատասխանատու և արժևորել մանրուքները, դրանց մեջ գտնել երջանկություն». Հասմիկ Տատինցյան

«Դպրոցի կյանքը ներսից․ պատմություններ աշխատակիցներից» նախագծի քսանյոթերորդ հարցազրույցը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչի օգնական Հասմիկ Տատինցյանի հետ է։

- Ինչպե՞ս է սկսվում Ձեր օրը։ 

- Արթնանում եմ վաղ առավոտյան՝ աշխատելով նոր օրը դիմավորել դրական տրամադրությամբ ու պատրաստակամությամբ: Նախընտրում եմ ժամանակ հատկացնել նաև ինձ` ամենակարևոր հարցերին առաջնահերթություն տալով:  

- Կա՞ արդյոք մանկությունից հիշվող սիրելի սնունդ կամ բաղադրատոմս, որը պատրաստում եք մինչև հիմա։

- Մանկությունից սիրելի ուտեստներս են՝ մայրիկիս պատրաստած անուշաբույր բանջարով հացն ու թփով տոլման։ Մանկության այդ բույրը մինչև հիմա հիշում եմ, կարծես պահպանված լինի սրտիս մեջ և կապված լինի մանկության ջերմ հիշողությունների հետ։ Իսկ երբ ես եմ պատրաստում, նույն համն ու հոտը փորձում եմ փոխանցել ընտանիքիս անդամներին։ 

- Ո՞րն է վերջին ֆիլմը, որ դիտել եք։

- Վերջերս դիտել եմ «Վերջին սպարապետ» ֆիլմը: Այն ներկայացնում է հայրենասիրության, քաջության և անձնազոհության արժեքները պատմական իրադարձությունների և հերոսական կերպարների միջոցով, որոնք նշանակալի են ազգային ինքնագիտակցության ձևավորման տեսանկյունից։ Ֆիլմն ինձ հուզել է և ստիպել վերաիմաստավորել մեր պատմությունը, ազգային արժեքներն ու ժողովրդի պայքարը։ Ինձ համար շատ կարևոր է նման ֆիլմեր դիտելը, որոնք ոչ միայն սովորեցնում են, այլև՝ կրթում և ուժ տալիս։ 

- Ո՞րն է Ձեր ամենասիրելի վայրն ազատ ժամանակ զբոսնելու կամ հանգստանալու համար։ 

- Տանն է, որ ես զգում եմ ապահովություն, անկեղծ ջերմություն։ Սիրում եմ նաև ընտանեկան զբոսանքներ կազմակերպել` շփվելով երեխաներիս, հարազատներիս հետ։ Բնության գրկում ես ներքին խաղաղություն եմ գտնում և լցվում էներգիայով, որն օգնում է դիմակայել աշխատանքային առօրյային և կյանքի դժվարություններին։

- Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենամեծ մարտահրավերը, և ինչպե՞ս եք հաղթահարել։ 

- Կյանքիս ամենամեծ մարտահրավերը սիրելի մարդկանց կորուստն էր... Այդ դժվարին ժամանակները ստիպեցին ինձ դիմակայել ցավին, պահպանել ուժ ու չընկճվել։ Ընտանիքիս աջակցությամբ ես դարձել եմ ավելի համբերատար, ուժեղ, սովորել գնահատել կյանքի ամեն մի պահը։ 

- Ո՞ր արժեքներն եք ամենաշատը կարևորում մարդկանց մեջ։ 

- Մարդկանց մեջ ամենաշատը գնահատում եմ ազնվությունը, պատասխանատվությունը, համբերությունը։ Ազնվությունը հնարավորություն է տալիս կառուցել ամուր հարաբերություններ, պատասխանատվությունը լուրջ վերաբերմունքն է գործին, ընտանիքին, շրջապատին, իսկ համբերությունն օգնում է պահպանել հանգստություն անսպասելի իրավիճակներում և դրսևորել կազմակերպվածություն։ Այս արժեքներն են ձևավորում վստահելի հարաբերություններ և ամուր հասարակություն։ 

- Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար ընտանիքը և հարազատների աջակցությունը։

- Ընտանիքն ինձ համար անհամեմատելի կարևորություն ունի։ Ընտանիքն է ինձ սովորեցնում սիրել, լինել պատասխանատու և արժևորել մանրուքները, դրանց մեջ գտնել երջանկություն։ Հարազատների ներկայությունն ինձ վստահություն է տալիս, օգնում է պահպանել հանգստություն և լավատեսություն նույնիսկ բարդ իրավիճակներում։ Նրանք ինձ համար անխախտ կապ են, ոգեշնչման աղբյուր: 

- Ինչպիսի՞ տեսլական ունեք Ձեր կյանքի հաջորդ քայլի վերաբերյալ։ 

- Ապագայի վերաբերյալ մտորումները շատ են, որոնք նույնպես կապված են ընտանիքիս և մասնագիտական առաջընթացի հետ: Ներկայիս կյանքն անընդհատ իրենից շարժում և փոփոխություն է պահանջում, ուստի այդ արագ փոփոխվող պայմաններին հարմարվելու համար անհրաժեշտ է նաև պլանավորել ապագան: Ուզում եմ զարգացնել նոր հմտություններ, կատարելագործել իմ մասնագիտական գիտելիքներս, մեծացնել մասնակցությունը երեխաներիս կրթության և դաստիարակության գործում։

- Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ նվաճումը։ 

- Կյանքիս ամենամեծ նվաճումը ուժի աղբյուր հանդիսացող իմ երեխաներն են և այն արժեքները, որոնք փոխանցվել են ինձ։ Մասնագիտության ընտրության հարցում չսխալվելը նույնպես հաջողություն եմ համարում: Այն հնարավորություն է ինքնադրսևորվելու, ինքդ քեզ ու ուրիշներին օգտակար լինելու, հասարակության մեջ լիարժեք գործունեություն ծավալելու համար: 

- Եթե հնարավորություն ունենանք փոխել միայն մի բան աշխարհում ի՞նչը կփոխեք և ինչո՞ւ։ 

- Եթե կարողանայի փոխել միայն մի բան, ապա դա կլիներ անտարբերությունը, որը խզում է մարդկային շփման ջերմությունն ու սերը։ Անտարբերությունը լուռ ցավ է, իսկ «բուժումը» կրթության արժեքի խորապես գիտակցումն է: Կրթությունն է մարդկային զարգացման և կայուն ապագայի հիմնաքարը։ Երբ սովորում ես տարբերել կարևորը, սկսում ես ձևավորել հոգատար վերաբերմունք այդ կարևորի, ինքդ քո և շրջապատի հանդեպ: 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (27.06.2025)
Դիտումներ: 110 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar