«Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը Հայաստանի կրթական համակարգում» թեմայով դասընթաց

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցն ընդգրկվել է «Ուսումնական բացերի հաղթահարում և բարեկեցության խթանում․ երեխայի զարգացման ամբողջական մոտեցում դիմակայության և ակադեմիական հաջողության համար» ծրագրին։ Նախաձեռնությունն իրականացվում է «Դասավանդի՛ր Հայաստան» կազմակերպության և UNICEF-ի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Դեկտեմբերի 1-ին դպրոցի տնօրենության և մասնագիտական խմբի ներկայացուցիչները՝ տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը, տնօրենի տեղակալ Արաքսյա Առստամյանը, ԿԱԴԱՀ Արմիդա Գևորգյանը, հատուկ մանկավարժը և ուսուցչի օգնականները մասնակցեցին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համագործակցությամբ իրականացվող վերապատրաստմանը։ Դասընթացը նվիրված էր «Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը Հայաստանի կրթական համակարգում» թեմային և ուղղված էր դպրոցի վարչական ու մասնագիտական թիմի հմտությունների ամրապնդմանը։

Ծրագրի համակարգող Մարիամ Մարիկյանը բարձր գնահատեց Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մասնակցությունն ու ծրագրի իրականացման որակը՝ նշելով, որ աշխատանքները կատարվում են համակարգված, հետևողական և արդեն արձանագրվում են տեսանելի արդյունքներ։

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի գնահատման բաժնի ղեկավար, դասընթացավար Լիանա Մարգարյանը ևս ընդգծեց դպրոցի առանձնահատուկ մոտեցումները և ընդգծված նվիրվածությունը․ «Դպրոցում իրականացվող աշխատանքը տպավորիչ է իր ծավալով ու հետևողականությամբ։ Ակնհայտ է թիմի՝ բարեկեցիկ ու ապահով կրթական միջավայր ստեղծելու ջանքը»,— նշեց նա։

Դասընթացն անցավ ինտերակտիվ ձևաչափով և ընդգրկեց կարևոր թեմաներ՝ դպրոցում բռնության և բուլինգի կանխարգելում, հոգեկան առողջության պահպանման մեխանիզմներ, հոգեսոցիալական աջակցության արդյունավետ մոտեցումներ։ 

Մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու առկա խնդիրները, փոխանակելու փորձը և մշակելու համագործակցային քայլեր՝ դպրոցում երեխաների բարեկեցությունն ու հոգեբանական անվտանգությունը բարձրացնելու համար։

Ծրագրի շրջանակում Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում նախատեսվում են շարունակական աշխատանքներ, խորհրդատվություններ և մեթոդական աջակցություն՝ ներառական, հոգատար և ուսումնական հաջողություններին աջակցող միջավայր կառուցելու նպատակով։

    

    

   

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (01.12.2025)
Դիտումներ: 122 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar