- Ինչպե՞ս է սկսվում Ձեր առավոտը։ - Յուրաքանչյուր առավոտ ինձ համար նոր հնարավորություն է՝ սկսելու օրը դրական ու արդյունավետ կերպով, որովհետև առավոտը օրվա ամենակարևոր մասն է, և այն ազդում է ողջ օրվա ընթացքի վրա։ Առավոտս սկսվում է՝ վաղ արթնանալով, քանի որ սիրում եմ օրս սկսել հանգիստ ու կազմակերպված, որքան էլ դրանք միմյանցից տարբեր լինեն. երբեմն արթնանում եմ զարթուցիչի առաջին իսկ զանգից, իսկ երբեմն էլ զարթուցիչն անջատում եմ ու մտածում. «Մի հինգ րոպե էլ…»։ Իհարկե, այդ հինգ րոպեն երբեմն դառնում է տասը կամ ավելին, բայց, ի վերջո, ինքս ինձ ստիպում եմ վեր կենալ։ Այսպես է սկսվում իմ առավոտը՝ երբեմն դանդաղ, երբեմն՝ հապճեպ, բայց միշտ՝ նոր օրվան պատրաստ։ - Ինչպե՞ս եք հավասարակշռում աշխատանքն ու ընտանիքը։ - Աշխատանքի և ընտանիքի միջև հավասարակշռություն պահպանելը հեշտ չէ, բայց հնարավոր է։ Ես կարևորում եմ ժամանակի ճիշտ պլանավորումը, օրվա ճիշտ կառավարումը, ինչը թույլ է տալիս արդյունավետ աշխատել և միևնույն ժամանակ լինել ընտանիքիս կողքին այնպես, որ և՛ աշխատանքային, և՛ ընտանեկան պարտականություններս լիարժեք կատարեմ։ Անկեղծ ասած, մեկը մյուսի հաշվին երբեք չի տուժում։ - Ի՞նչ է Ձեզ համար ընկերությունը։ - Ինձ համար ընկերությունը մարդկային հարաբերությունների անկեղծ կապերից մեկն է։ Այն նախ և առաջ վստահություն է և անկեղծություն՝ հիմնված փոխադարձ սիրո, հարգանքի, փոխըմբռնման, աջակցության և նվիրումի վրա։ Ինձ համար ընկերն այն մարդն է, որը կողքիս է ոչ միայն ուրախության, այլև դժվարության պահերին։ Նա, ով չի դատում, այլ հասկանում է, չի պարտադրում իր կարծիքը, բայց ճիշտ պահին կարող է անկեղծ խորհուրդ տալ։ Ճշմարիտ ընկերությունը պետք է առանց ստի ու ձևականությունների լինի։ Ես կարևորում եմ այս արժեքները, և ինքս էլ ընկերություն եմ անում այդ սկզբունքով։ - Ո՞րն է Ձեր մանկության համն ու ուտեստը։ - Մանկությանս համը կապված է տատիս պատրաստած ավանդական ուտեստների հետ։ Նրա պատրաստած տոլման և փլավը միշտ ինձ հիշեցնում են մանկությանս անհոգ ու ջերմ օրերը։ Ինքս էլ հաճախ եմ պատրաստում այդ ուտեստները՝ փորձելով հոգի դնել մեջը ու շա՜տ սեր՝ տատիս նման. դրանք ինձ հիշեցնում են ընտանեկան հավաքների ջերմությունը, ընտանեկան ավանդույթներն ու վեհ արժեքները։ - Ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը: - Ազատ ժամանակ զբաղվում եմ տնային առօրյա գործերով, ժամանակ եմ հատկացնում երեխաներիս դասապատրաստմանը, թեև հիմնականում նրանք հակված են ինքնուրույնության։ Ազատ ժամանակս հաճախ նաև օգտագործում եմ ինքնակրթության համար, քանի որ կրթական ոլորտում մշտապես աճելու, զարգանալու կարիք կա։ - Կա՞ որևէ գիրք, որն ըստ Ձեզ պետք է կարդա յուրաքանչյուր մարդ, անկախ տարիքից, մասնագիտությունից: - Կարծում եմ՝ Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գիրքը կարող է օգտակար լինել յուրաքանչյուրին, քանի որ այն զարգացնում է հաղորդակցական հմտություններ, ինքնակայացման և ինքնավստահության հնարավորություններ ու որակներ, որոնք կարևոր են ցանկացած մասնագիտության մեջ։ - Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում լսել և ինչպե՞ս է այն ազդում Ձեր տրամադրության վրա: - Նախընտրում եմ լսել մեղմ, մեղեդային, ինձ հոգեհարազատ երաժշտություն՝ կախված տրամադրությունից։ Երբեմն դասական երաժշտություն եմ լսում, երբ ուզում եմ հանգստանալ, երբեմն՝ ժամանակակից։ Իսկ երբ տրամադրությունս բարձրացնելու կարիք ունեմ, ընտրում եմ ավելի ռիթմիկ ու դրական էներգիա փոխանցող երաժշտություն։ Երաժշտությունն ազդում է իմ տրամադրության վրա, օգնում է թոթափվել օրվա հոգնությունից և մոտիվացվել։ - Մանկության, պատանեկության, երիտասարդության տարիների հետ կապված ի՞նչ հիշողություններ ունեք։ - Մանկությանս ամենատպավորիչ հիշողությունները կապված են դպրոցական տարիների, ամառային արձակուրդների և ընտանեկան տոների հետ։ Դրանք ժամանակներ էին, երբ մարդկային փոխհարաբերություններում գերիշխում էին շիտակությունն ու անկեղծությունը, մարդկային կարեկից և հոգածու վերաբերմունքը։ Պատանեկության ու երիտասարդության տարիներն իմ կյանքի կարևոր ժամանակահատվածներն են, որոնք ինձ սովորեցրել են ինքնուրույնություն, պայքարելու և նպատակներիս հասնելու ձգտում։ - Ի՞նչ է երջանկությունը: Համարո՞ւմ եք Ձեզ երջանիկ: - Երջանկությունը կյանքի ամենակարևոր զգացողություններից մեկն է, և եթե այն արդեն զգում ես, նշանակում է, որ ինչ-որ բան գնահատում ես կյանքում։ Ինձ համար երջանկությունը ներքին բավարարվածությունն է՝ ընտանիքիս, աշխատանքիս և շրջապատիս հանդեպ, ամենօրյա ուրախ պահերը, երբ զգում եմ խաղաղություն, գոհունակություն և սեր շրջապատի մարդկանցից։ Այո՛, ես ինձ երջանիկ եմ համարում, որովհետև սիրում ու գնահատում եմ այն մարդկանց, որոնք կողքիս են։ - Ի՞նչ է Ձեզ համար Բախշյանական լինելը։ - Բախշյանական լինելն առաջին հերթին ինձ համար մեծ հպարտություն է, քանի որ ես այս դպրոցի շրջանավարտներից եմ, և ինձ համար պատիվ է իմ հարազատ կրթօջախում աշխատելը։ Լինել Բախշյանական նշանակում է կրել այն արժեքները, սկզբունքները, որոնց վրա հիմնված է մեր կրթական հաստատությունը, այն է՝ լինել նվիրյալ և ազնիվ աշխատող, պահպանել գործընկերային ջերմ հարաբերություններ և լինել պատասխանատու յուրաքանչյուր աշակերտի կրթության ու դաստիարակության հարցում։ Ինձ համար Բախշյանական լինելը նաև պատասխանատվություն է դպրոցի նկատմամբ, քանի որ Բախշյանական լինել նշանակում է ձգտել գիտելիքի, հավատարիմ մնալ կրթության բարձր չափանիշներին և փոխանցել սովորողներին ոչ միայն ակադեմիական գիտելիքներ, այլև կյանքի կարևոր արժեքներ՝ հայրենասիրություն, բարություն, աշխատասիրություն և ազնվություն։ | |
| |
Դիտումներ: 324 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |