Մեդիագրագիտության շաբաթը Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոյեմբերի 8-15-ը հայտարարել են Մեդիագրագիտության շաբաթ՝ նպատակ ունենալով խթանել մեդիա և թվային գրագիտության զարգացումը Հայաստանում։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը ևս ակտիվորեն միացել է այս կարևոր նախաձեռնությանը։ Շաբաթվա ընթացքում դպրոցում անցկացվել են մի շարք քննարկումներ և հանդիպումներ՝ աշակերտական խորհրդի, դասվարների և դասղեկների մասնակցությամբ։

Նոյեմբերի 12-ին կայացել է հերթական հանդիպումը, որի ընթացքում դպրոցը հյուրընկալել է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Բաղդասարյանին։ Նա աշակերտների հետ անցկացրել է հետաքրքիր և ինտերակտիվ զրույց՝ «Մեդիագրագիտություն և թվային գրագիտություն» թեմայով։ Քննարկումը ձևավորվեց հարցուպատախանի, վերլուծությունների և օրինակների միջոցով, որոնք օգնում էին երեխաներին հասկանալ տեղեկատվական միջավայրում ճիշտ կողմնորոշվելու կարևորությունը։

Հանդիպման ավարտին «ԳորիսԼԱԲ»-ը դպրոցին նվիրեց «Կիբերորսորդներ» ուսուցողական խաղը, որը նախատեսված է կիբերանվտանգության թեմայով դասղեկական ժամերի ընթացքում կիրառելու համար։

Օրն ամփոփեց դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Ավանեսյանը։ Նա նշեց իրականացված աշխատանքների կարևորությունը, հակիրճ անդրադարձավ թեմային և կոչ արեց այն շարունակաբար ներառել ուսումնական գործընթացում։ Այնուհետև դասարաններում կազմակերպվեցին թեմատիկ քննարկումներ, իսկ Ավանեսյանը ներկայացրեց «Կիբերորսորդներ» ուսուցողական խաղը՝ որպես մեդիագրագիտության և թվային անվտանգության հմտությունները զարգացնելու հետաքրքիր ու գործնական միջոց։

Մեդիագրագիտության շաբաթը ոչ միայն միջոցառում է, այլև հարթակ՝ կրթական հաստատությունների, ուսուցիչների և սովորողների համար։ Այն հնարավորություն է տալիս օգտվել առկա կրթական ռեսուրսներից, անցկացնել թեմատիկ դասեր, մասնակցել քննարկումների ու մշակել նորարար կրթական նախագծեր։

Մեդիագրագիտությունը մեր ժամանակի կարևորագույն հմտություններից է։ Այն սովորեցնում է մեզ հասկանալ տեղեկատվական հոսքերը, տարբերել փաստերը կարծիքներից, գնահատել աղբյուրների արժանահավատությունը, ինչպես նաև պահպանել մեր թվային անվտանգությունն ու մեդիա հիգիենան։

Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ ընդգծելով մեդիայի գիտակցված և պատասխանատու օգտագործման կարևորությունը։

Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենությունն անկեղծ շնորհակալություն է հայտնում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ին՝ դպրոցի կողքին լինելու, մշտական համագործակցության և կրթական նախաձեռնություններին ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Շնորհիվ արդյունավետ գործընկերության՝ հնարավոր է դառնում կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր, որոնք նպաստում են դպրոցի զարգացմանը, ուսումնական միջավայրի բարելավմանը և աշակերտների ստեղծագործ ներուժի բացահայտմանը։

    

    

    

    

    

    

    

    

    

    

      

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (Երեկ)
Դիտումներ: 96 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar